«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, հայտարարել է նրա միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Այդուհանդերձ, փաստաբանի համոզմամբ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի ընդգրկուն ու խորապես մտահոգիչ արշավում, որը դուրս է գալիս Կարապետյանի գործի շրջանակներից և թիրախավորում Հայ Առաքելական եկեղեցու բուն էությունը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ։ Հայ Առաքելական եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից»,- կարծում է Ամստերդամը։
Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Դատարանը գործարարի՝ «եկեղեցին պաշտպանելու ենք մեր ձևով» արտահայտությունը որակել էր որպես իշխանության զավթման փորձ և երեք անգամ երկարացրել կալանքի ժամկետը։ Գործարարը բազմիցս շեշտել է` մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական, և կշարունակի աջակցել եկեղեցուն։
Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը դեկտեմբերի 30-ին վերադարձել էր տուն։ Դատարանը բավարարել էր փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







