Ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը, գրել են ԶԼՄ-ները։
Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել են միայն ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի ձերբակալման լուրը՝ առանց անուններ նշելու։ Կոմիտեից հավելել են, որ նրան ձերբակալել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- եզրափակել են ՔԿ-ից։
Միրումյանը ՊԵԿ-ում պաշտոնավարել է 2012-2014թթ., ապա նաև՝ 2016-2018-ին:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում օգոստոսին ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։ Նոյեմբերին նրա կալանքը դատարանը փոխարինել էր 2-ամյա տնային կալանքով, ինչը դատախազությունը բողոքարկել էր։






































