Դատարանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Օգոստոսի 8-ին ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության լուրը։ Կոմիտեից հստակեցրել են, որ նրան ձերբակալել են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Փաստաբանը մանրամասնել է, որ խոսքը «ՆորՖոլկ» ընկերության մասին է, որի հետ, ըստ նախաքննական մարմնի, Հարությունյանը կապ է ունեցել։
«Մինչդեռ իրականում 2018-ին «ՆորՖոլկի» հետ կապված քննություն է իրականացվել, ինչի արդյունքում ընկերության հետ Հարությունյանի կապն ամբողջությամբ հերքվել է»,- հավելել է փաստաբանը։
Անդրիկյանը շեշտել է, որ գործը 7 տարի առաջ կարճվել էր այն հիմքով, որ «ՆորՖոլկի» և ՊԵԿ-ի պաշտոնյաների միջև կապը չի հաստավել։
«Հիմա նույն գործից այդ պնդումը վերցրել ու նորից ասում են՝ Հարությունյանի և ընկերության միջև կապ կա»,- ընդգծել է փաստաբանը՝ գործընթացն անվանելով «աբսուրդ»։



























