Ակնհայտ է, որ հանրապետությունում գնաճ կա։ Սննդամթերքի գներն աճել են ոչ միայն Հայասանում․ համաշխարհային տնտեսության մեջ 27 տոկոս գնաճ է արձանագրվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով գնաճի տեմպերից։
Բագրատյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ շուրջ 9,5 գնաճ ունենք։
«Ապրանքների մեծ մասը ներկրվում է, համաշխարհային տնտեսությունում գրանցված գնաճն ազդում է ներկրվող ապրանքատեսակների գնագոյացման վրա։ ՌԴ մանրածախ շուկայում դիզվառելիքը 60 տոկոսով թանկացել է, սակայն սա չի նշանակում, որ մեր շուկայում ևս պետք է վառելիքի գինը բարձրանա։ Բայց գնաճը կա, և դրա դեմ պայքարելու հնարավորությունները չափազանց փոքր են»,- ընդգծեց Բագրատյանը։
Նրա գնահատմամբ՝ ԿԲ-ն փորձում է ազդել գնաճի վրա, բայց կիրառվող գործիքակազմն արդյունավետ չէ։
Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ վստահորեն չի պնդում, թե հնարավոր է եկող տարվա պետական բյուջեով կանխատեսվող 7 տոկոս տնտեսական աճին հասնել։
«Պետք է սոցիալական ուղղվածության ծախսերն ավելացնենք։ Թոշակների ավելացման հարցը պետք է քննարկել։
Եթե կարողանանք մինչև 2022 թվականի սեպտեմբերն այդ 7 տոկոս տնտեսական աճը նկատելի դարձնել, կնախատեսենք թոշակների բարձրացում։ Եղած հնարավորությունները սուղ են, մեզ պետք են ներդրումային լուրջ ծրագրեր, որոնք լրացուցիչ աշխատատեղեր կստեղծեն։ Թեև հնարավորությունները մեծ չեն, բայց պետությունը պետք է հնարավորինս մեղմի սոցիալական լարվածությունը»,- նկատեց նա։
Անդրադառնալով հաջորդ տարվանից սպասվող ջրի և էլեկտրաէներգիայի թանկացումներին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ սակագնի 20 դրամով բարձրացումը մեծ խնդիր կարող է չառաջացնել։ Բայց նույնը չի կարող ասել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին։
«էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումն էապես կազդի բոլորիս վրա։ Մեծապես կազդի նաև արտադրության վրա։ Արտադրություններ կան, որտեղ 40 տոկոսը միայն հոսանքի ծախսն է կազմում։ Այստեղ լուրջ ռիսկեր կան։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրները գեներացնելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







