Ոստիկանները ձերբակալել են կրակոցներ արձակած և վրաերթով քաղաքացուն սպանած վարորդին, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին։ Ըստ կայքի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն Նուբարաշենի խճուղում տեսնելով Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին՝ իջել էր ավտոմեքենայից ու իր մոտ առկա ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոց արձակել։
Հախվերդյանը կարողացել էր խույս տալ կրակոցներից ու դիմել փախուստի, սակայն Սարգիս Ս․-ն նստել էր Mercedes GLE-ն և, հետապնդելով վերջինիս, մահվան ելքով վրաերթի ենթարկել, որից հետո դիմել էր փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատել և անցնել Վրաստան։
Կայքը նշում է, որ հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված՝ նա դուրս եր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում, որտեղից էլ նրան տեղափոխել էին «Իջևան» բժշկական կենտրոն։
Վերջինս փորձել էր բժշկական կենտրոնից փախուստի դիմել, սակայն իրավապահները կանխել ու ձերբակալել էին նրան։ Դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք է կիրառել։

























