Երևանի Իսակովի պողոտայում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն, հայտնել է ՆԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ վթարի մասին հաղորդվել է հուլիսի 27-ին՝ ժամը 10:57-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը փորձել է հատել ճանապարհը չթույլատրված տարածքում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը «Վեոլիա Ջուր»-ի 62-ամյա աշխատակից Սեդրակ Ի.-ն է, որը մաքրում էր կոյուղու խողովակի արտահոսքը։ Լրատվականը հայտնել է, որ այդ առավոտյան ընկերությունը բնակիչներից բողոքներ է ստացել Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհին կոյուղու խցանված դիտահորի պատճառով կոյուղաջրերի թափվելու մասին։
Կայքի տվյալներով՝ արտահոսքը կանգնեցնելիս աշխատակցին վրաերթի է ենթարկել Երևանի 21-ամյա բնակիչ Արսեն Խ.-ն իր Lexus-ով։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձաագրել են հետիոտնի մահը։
Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից չի հեռացել, շտապօգնություն է կանչել և սթափության թեստ է անցել (գտնվել է սթափ վիճակում)։ Հարուցվել է քրեական գործ, իսկ մեքենան տեղափոխվել է քաղաքի հատուկ պահպանվող տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






