Առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների մասին տեղեկություններին:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձն ստանում են երկու մասով՝ պետական պատվերով իրականացված ծառայությունների և Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով մատուցված ծառայությունների դիմաց:
«Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց փոխհատուցումն իրականացված է: Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար»,- ասված է հայտարարությունում:
Նախարարությունը հավաստիացրել է, որ վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:






































