Կառավարությունն այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մի շարք համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը։
ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:
ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Դերակատարների տեղական մակարդակով հզորացում զարգացման համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ, որից ԵՄ օժանադակությունը կկազմի 14 մլն եվրո, ևս 1 մլն եվրո կֆինանսավորվի շահառու հանդիսացող լիազորված մարմնի կողմից:
«Այն անձինք, որոնք ցանկանում են վերադառնալ և բիզնես նախաձեռնություններ իրականացնել Հայաստանում, տվյալ անձանց ընտանիքների անդամների բիզնես նախաձեռնությունների գրանտավորում և այն անձանց, ովքեր ցանկություն ունեն մեկնել այլ երկիր աշխատելու, իրենց բիզնես նախաձեռնությունների գրանտավորման: Այս բաղադրիչն այս պահին 3.5 միլիոն եվրո է»,- նշեց փոխվարչապետը:
Առաջարկվող երրորդ համաձայնագիրը «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը կնպաստի որակի ենթակառուցվածքների բարելավմանը, այն նաև ենթադրում է քաղաքացիական հասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրառման մոնիթորինգի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







