Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախնական համաձայնություն են ձեռք բերել մինչև 262 մլն դոլարի վարկային ծրագրի շուրջ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայական փոփոխությունների և բնական աղետների նկատմամբ, հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ)։
Աշխատանքային մակարդակով ձեռք բերված համաձայնությունը դեռ պետք է հաստատի ԱՄՀ գործադիր խորհուրդը։ Քննարկումը նախատեսվում է դեկտեմբերին։
«Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի»՝ RSF-ի շրջանակում միջոցները Հայաստանին հասանելի կդառնան առաջիկա երկու տարում՝ ծրագրով նախատեսված չորս վերանայումները հաջողությամբ ավարտելու պայմանով։
Խոսքը տոկոսներով վերադարձվող վարկի մասին է։ RSF-ի ընդհանուր պայմաններով՝ մարման ժամկետը 20 տարի է։ Վարկի առաջին 10,5 տարվա ընթացքում մայր գումարի մարում չի նախատեսվում, սակայն այդ ժամանակահատվածում տոկոսները հաշվարկվելու են։ Տոկոսադրույքը կապված է փոխառության հատուկ իրավունքների (ՓՀԻ) եռամսյա տոկոսադրույքի հետ և ներառում է հավելավճար, որի չափը կախված է երկրի դասակարգումից։ Հայաստանի համար սահմանված կոնկրետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկի հաղորդագրությունում նշված չէ։
Միաժամանակ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ-ի գործող «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման շուրջ։ Դրա հաստատման դեպքում Հայաստանին հասանելի կդառնա ևս շուրջ 25 մլն դոլար, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցների ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 75 մլն դոլարի։ Ծրագիրը միտված է մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը։
ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2026 թվականին կաճի 5,5%-ով, իսկ տարեվերջին գնաճը կկազմի 4,8%։ Միջնաժամկետ հեռանկարում հիմնադրամն ակնկալում է տարեկան շուրջ 5% տնտեսական աճ՝ միաժամանակ աշխարհաքաղաքական զարգացումները դիտարկելով որպես էական ռիսկ։
Հիմնադրամի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ շահութաբեր՝ պահպանելով կապիտալի և իրացվելիության զգալի պաշարներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





