Մասնավոր ընկերությունները որոշ խաղողագործների դեռևս չեն վճարել մթերված խաղողի դիմաց, իսկ մյուսներին վճարել են հասանելիք գումարի միայն փոքր մասը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ընկերությունները խաղողագործներին հայտնել են, որ մթերված խաղողի դիմաց վճարման 80 տոկոսը կփոխանցեն Էկոնոմիկայի նախարարությունից սուբսիդիա ստանալուց հետո։
Խաղողագործների խոսքով՝ նախորդ տարիներին մթերող ընկերությունները գումարի առնվազն կեսը վճարում էին անմիջապես, իսկ մնացած մասը՝ ավելի ուշ։
Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարությունից թերթին հայտնել են, որ խաղողի մթերման համար առանձին սուբսիդավորման ծրագիր չկա։ Նախարարության աջակցությունը վերաբերում է կոնյակի արտահանմանը։
Թերթի փոխանցմամբ՝ աջակցություն ստանալու համար ընկերությունները պետք է մթերված խաղողից կոնյակ արտադրեն, արտահանեն այն, ապա նախարարություն ներկայացնեն արտահանման ծավալների վերաբերյալ տվյալները։
Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանափակումների ֆոնին կառավարությունը 2026 թվականի հունիսի 11-ին հաստատել էր թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագիրը։
Կառավարությունը նույն նիստում նաև որոշել էր 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը փոխհատուցել կոնյակի սպիրտ արտահանողների վճարած լրացուցիչ պետական տուրքը՝ յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ (մոտ 0,26 դոլար)։
Աջակցություն ստանալու համար ընկերությունները պետք է նաև 2026 թվականին խաղող մթերեին։ Ծրագրով նախատեսվում էր խթանել խաղողի մթերումը և օգնել ընկերություններին իրացնել կուտակված սպիրտի պաշարները։
Կառավարությունը 2026 թվականի սեպտեմբերին հաստատել էր խաղող մթերող ընկերություններին պետական երաշխիքներ տրամադրելու և վարկերի մարումը հետաձգելու ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ դրա նպատակն է ապահովել խաղողի մթերման անխափան ընթացքը։ Նախարարությունը հայտնել էր, որ այդ երաշխիքների շրջանակում 2025 թվականին վեց ընկերության տրամադրվել էր շուրջ 4,6 միլիարդ դրամի (մոտ 12 միլիոն դոլար) աջակցություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





