ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին հանածո վառելիքից հրաժարվելու քննարկումներից անցնել կոնկրետ ծրագրերի ֆինանսավորմանն ու իրականացմանը։ Նա այս մասին ասել է նոյեմբերի 10-ին Անթալիայում՝ COP31-ի շրջանակում։
Գուտերեշն ելույթ է ունեցել Բրազիլիայի՝ COP30-ի նախագահության կողմից հանածո վառելիքից հրաժարման ճանապարհային քարտեզի պաշտոնական ներկայացման ժամանակ։ «Վաղուց ժամանակն է դադարել հանածո վառելիքից անցումը դիտարկել որպես տաբու կամ անլուծելի խնդիր»,- ասել է նա։
Գուտերեշի գնահատմամբ՝ նավթից, գազից և ածխից կախվածությունը մեծացնում է երկրների տնտեսական և անվտանգային խոցելիությունը, իսկ Մերձավոր Արևելքի ներկայիս սրացումը ցույց է տվել այդ կախվածության գինը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ Մերձավոր Արևելքում սրացման սկսվելուց ի վեր Եվրամիությունը հանածո վառելիքի ներմուծման համար հավելյալ վճարել է ավելի քան 100 մլրդ եվրո՝ առանց, նրա խոսքով, «վառելիքի որևէ լրացուցիչ մոլեկուլ» ստանալու։ Աշխարհի 130 երկրներում բենզինի գներն աճել են շուրջ 26%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 38%-ով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ մատակարարների փոփոխությունը չի վերացնում գնային ցնցումների վտանգը։ Նա առաջարկել է ընդլայնել մաքուր էներգիայի արտադրությունը, զարգացնել էլեկտրացանցերն ու էներգիայի կուտակման համակարգերը և բարձրացնել էներգաարդյունավետությունը։
Գուտերեշը կառավարություններին կոչ է արել մշակել ազգային ճանապարհային քարտեզներ՝ հստակ ժամկետներով, պատասխանատուներով և ֆինանսավորման աղբյուրներով, և 2028 թվականին ցույց տալ չափելի առաջընթաց։ Նա նաև առաջարկել է դիտարկել հանածո վառելիքի վաճառքից ստացվող գերշահույթների հարկումը՝ անցումը ֆինանսավորելու և ընտանիքներին նոր գնային ցնցումներից պաշտպանելու համար։ Բրազիլիայի ճանապարհային քարտեզը հրապարակվել էր նոյեմբերի 3-ին։
COP31 համաժողովն Անթալիայում անցկացվում է նոյեմբերի 9–20-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





