Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ կառավարությունը նույնպես ներդրումներ է կատարել «Տաշիր» ընկերությունների խմբի ծրագրերում. նա այսպես է արձագանքել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քննադատությանը: Կարապետյանը օգոստոսի 4-ին հայտարարել էր իրենց քաղաքական թիմի՝ Վանաձորում իրականացվելիք երկու արդյունաբերական նախագծերի մասին։ Նա նշել էր, որ Հայաստանում գործազրկության խնդրի միակ լուծումը երկրի արդյունաբերականացումն է։
«Բացի պիցցերիաներից՝ մենք ներդրումներ ենք արել իրենց ծրագրերում, աջակցել ենք»,- նշել է նա։
Նախարարը պնդել է, որ գործող կառավարությունը «մեծ ու հսկայական» ներդրում է կատարել «Տաշիրի» նախագծերում՝ չհստակեցնելով, թե որքան և որ նախագծերում են ներդրումները կատարել։
Պապոյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է նորից աջակցել «Տաշիր» ընկերությունների խմբին։ Նա բերել է ընկերության կողմից Հրազդանում մետաղաձուլական գործարանի կառուցման օրինակը՝ հայտարարելով, որ պետությունը այս ծրագրում «շատ մեծ ջանքեր է գործադրել»։ Նախարարի խոսքով՝ 2024-ին իր նախաձեռնությամբ գործարանն ընդգրկվել է ազատ տնտեսական գոտում, որպեսզի այդ ներդրումը վերջապես տեղի ունենա։
Պապոյանի խոսքով՝ ինքը մոտ ամիս առաջ հանդիպել է Նարեկ Կարապետյանի հետ և խոսել գործարանի կառուցման, կառավարության կողմից հնարավոր աջակցության մասին։ Պապոյանը նշել է, որ ըստ իրեն փոխանցած տեղեկատվութան` գործարանը նոյեմբերին կբացվի։
Լրագրողները նախարարին հիշեցել են, որ իրենց իշխանության խոստացած 3 գործարանից որևէ մեկը չի բացվել, իսկ կառուցվածները չեն գործում, բայց Պապոյանը խուսափել է ուղիղ պատասխանից: Նա միայն նշել է, որ «կատարված ամենամեծ խոստումը, որը կարելի է արձանագրել, բարձր տնտեսական աճն է»։ Պապոյանի խոսքով՝ եթե այս կամ այն գործարանը չի բացվել, բացվել է մյուսը։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝



































