2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատերդ տեղյակ եք, որ նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասն արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։ Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք և, վստահեցնում եմ, որ անում ենք ամեն ինչ՝ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ»,- գրել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ այս քայլերը հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։ Հունվարի 22-ին Ավինյանը հայտնել էր տրանսպորտի փաթեթների սակագները վերանայելու հնարավորության մասին։