Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը, անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:
«Նախևառաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը, և որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում:
Կոմիտեն հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին և ոգուն համապատասխան՝ նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Հետևաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից: ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարևոր դերակատարությունը տնտեսության զարգացման և Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը»:
Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձևակերպել բոլոր աշխատակիցներին և ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:
Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետևապես և տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:
Հիշեցնենք, որ ռեստորանների միությունը իր խորին մտահոգությունն էր հայտնել վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած «աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







