Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 630 տոննա քաշով, և 36 տոննա պրոպանով (հեղուկ նավթային գազ) բեռնված մեկ վագոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հացահատիկն Ադրբեջանի կայարաններից Հայաստան է ուղարկվել օգոստոսի 22-ին։
Վերջին անգամ 8 վագոն հացահատիկ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկել օգոստոսի 15-ին։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը՝ 15 վագոն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ժամանել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանը, բացի հացահատիկի տարանցումից, Հայաստանի հետ քննարկել էր Ադրբեջանի տարածքով պարարտանյութերի մատակարարման և բեռների հետբեռնման կազմակերպման հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով վառելիքի տարանցման ծավալների մասին, պնդել էր, թե Ադրբեջանը դարձել է Հայաստանի հուսալի գործընկերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







