ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ադրբեջանական նավթամթերքով լի 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ծագման A95 բենզինը ժամանել է հայ-վրացական սահմանի «Այրումի» հատվածով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը Soccar ապրանքանիշի նավթամթերքի մասին է։
Նախարարի խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։
Ավելի ուշ կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:
Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

































