Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է վառելիքի տարանցման ծավալները և պնդել, թե Ադրբեջանը դարձել է Հայաստանի հուսալի գործընկերը։ Այս մասին նա խոսել է օկուպացված Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա ադրբեջանական նավթամթերք, սակայն նա չի հստակեցրել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կուտակվել են նշված ծավալները։
«Ադրբեջանն ի՛նքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Հատկապես ներկա պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել այլուր», - ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի գնահատմամբ՝ եթե չլինեին Բաքվի մատակարարումները, Հայաստանը ստիպված կլիներ «բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր ծայրերում»։
Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ են տեղափոխվել Հայաստան։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը խողովակաշարային գազ է արտահանում 16 երկիր և քննարկում է մատակարարումների մեկնարկը կամ ավելացումը Եվրամիության մի քանի երկրների հետ։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը՝ 15 վագոն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ժամանել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանը, բացի հացահատիկի տարանցումից, Հայաստանի հետ քննարկել էր Ադրբեջանի տարածքով պարարտանյութերի մատակարարման և բեռների հետբեռնման կազմակերպման հնարավորությունը։































