«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։
«Մեր այցելության նպատակն այն է, որ միայն ընտրությունից ընտրություն չգանք։ Ցանկանում ենք, որ ամեն անգամ մեր առաջ նոր խնդիրներ դնեք»,- ասել է Կարապետյանը։
Գյուղացիները բարձրացրել են գյուղատնտեսական տեխնիկայի հարցը՝ նշելով, որ համայնքին անհրաժեշտ են դիզվառելիք և կոմբայն։
Կարապետյանը բնակիչներին հարցրել է՝ արդյոք կոմբայնի տրամադրումը կօգնի՞ թեթևացնել գյուղացիների աշխատանքը՝ նշելով, որ քաղաքական ուժը պատրաստ է այն տրամադրել բարեգործական նպատակներով։
Բնակիչներից մեկը նշել է, որ այս տարի ցորեն են ցանել, և գյուղացու համար որքան մատչելի լինեն վառելիքն ու սարքավորումները, այնքան ավելի հեշտ կլինի աշխատանքը։
Բնակիչները, որպես խնդիր, նշել են նաև ճանապարհների վիճակը՝ ընդգծելով ասֆալտապատման անհրաժեշտությունը։
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել էր, որ հետընտրական շրջանում մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր՝ բնակիչների խնդիրները հավաքագրելու, ԱԺ-ում դրանք բարձրացնելու և լուծում տալու համար։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։





































