«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բնակիչների ձայնը դառնալ Ազգային ժողովում և նպաստել տարիներով անտեսված խնդիրների լուծմանը, հայտարարել է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Խորհրդարանական ընտրություններից հետո դաշինքի պատվիրակությունն այցելել է Արարատի մարզի Նիզամի գյուղ։
Կարապետյանն ու նրա թիմակիցները բնակիչներից հետաքրքրվել են, թե ի՞նչ խնդիրների վրա է անհրաժեշտ կենտրոնանալ։ Հավաքվածները նշել են դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման, ուսումնական հաստատություններում ջեռուցման բացակայության և գյուղմթերքի մթերման խնդիրները։
Բնակիչներից մեկը հայտարարել է, որ մթերման բացակայության պատճառով ֆերմերներն ստիպված են ոչնչացնել աճեցրած բերքը։ Նրա խոսքով՝ իշխանությունները գյուղատնտեսության խնդիրներին ուշադրություն չեն դարձնում։
«Թող այս կառավարությունը դրա մասին մտածի, թող գոնե մեկ անգամ գնա ու տեսնի՝ ինչ է կատարվում։ Ով բարիք է ստեղծում, նրան բռնում ու տանում են բանտ»,- ասել է նա։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ Նրա խոսքով՝ դա դաշինքի «գաղտնի ծրագրերի» մաս է լինելու։






































