Հայաստանը գերմանական Վերականգնման վարկերի բանկից 120 միլիոն եվրոյի վարկ կներգրավի՝ երկրի էներգահամակարգը Վրաստանի էներգահամակարգին միացնելու նպատակով: Կառավարությունը մարտի 12-ի նիստում ընդունել է համաձայնագրի ստորագրման մասին որոշումը։
ՀՀ պետական բյուջեում այս նպատակով նախատեսված է 45,6 միլիարդ դրամ (103,5 միլիոն եվրո), որից 43,5 միլիարդ դրամը (98,9 միլիոն եվրո) կկազմի վարկային միջոցները, իսկ 2,1 միլիարդը՝ (4,6 միլիոն դրամ) համաֆինանսավորումը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև 15 միլիոն եվրոյի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ-ՀՆԳ» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսում է հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը 500/400/220 կՎ լարման հաստատուն հոսանքի փոխակերպման բարձրավոլտ կայանի միջոցով, որը կկառուցվի Այրում բնակավայրում՝ Վրաստանի սահմանին: Դրա վերջնական հզորությունը կկազմի 1050 ՄՎտ:
Վրաստանի կողմից միացումը կիրականացվի «Մառնեուլի» ենթակայանից՝ 500 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծով, իսկ Հայաստանի կողմից՝ Դդմաշենի ենթակայանից՝ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով:
Առաջին փուլում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի մինչև 350 ՄՎտ-ի, իսկ հետագայում՝ մինչև 1050 ՄՎտ-ի՝ կախված տարածաշրջանային շուկայում պահանջարկից:
Ծրագրի շրջանակներում կնքվել է նաև խորհրդատվական պայմանագիր Fichtner GmbH & Co.KG ընկերության հետ: Անցկացվում է մրցույթ՝ Դդմաշենի ենթակայանի, էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի փոխակերպման կայանի կառուցման գլխավոր կապալառուների ընտրության համար: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Andritz Hydro GmbH և China National Electric Engineering ընկերությունները: Տեխնիկական առաջարկությունների գնահատումից հետո սահմանված կարգով կբացվեն ֆինանսական հայտերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր Վրաստանի և Իրանի հետ արդեն իսկ գործող կապերին զուգահեռ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու նպատակահարմարության մասին: Նա հավելել էր, որ էներգետիկ նախագծեր նախատեսված են նաև TRIPP նախաձեռնության շրջանակներում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։





































