Կառավարությունը ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է իրականացնում, հունվարի 29-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը պետական բյուջեի համար հասանելի լինի, այն ամբողջությամբ կպետականացնեն և կհանձնեն կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։
«Կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, որ շուկայական արժեքը շատ ցածր է, և կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել»,- նշել է նա:
Փաշինյանը չի նշել, թե որքան գումարի մասին է խոսքը, քանի դեռ թղթի վրա չկա այն։
«Ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունն էականորեն բարձրացել է, շատ կարևոր է արձանագրել, որ ՀԷՑ-ը՝ որպես գործընկեր, բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետև նախկինում մրցույթներին մասնակցում էին, չեմ ասի 100%-ով, բայց մեծ մասամբ նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ, և դա, ըստ էության, կոռուպցիոն, փողերի լվացման մի համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է, քրեական գործեր կան հարուցված»,- շեշտել է նա։
«Ճիշտ կլինի» Հայաստանի էներգետիկ համակարգը միացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Փաշինյան
Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նաև հայտարարել է երկրի էներգետիկ համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ արդեն իսկ գոյություն ունեցող կապերին միացնելու նպատակահարմարության մասին։ Նա նշել է, որ չնայած և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեն, նրանց ցանցերի միացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում միջազգային շուկաներ մուտք գործելու, արտահանման ներուժն ընդլայնելու և տարածաշրջանային էներգետիկ երթուղիներին մասնակցելու համար։
Նման միացումը, նրա գնահատմամբ, թույլ կտա Հայաստանին օգտագործել հարևան երկրների ցանցերն արտահանման համար, ինչպես նաև ստանալ տարանցիկ եկամուտներ, եթե էլեկտրաէներգիան անցնի հանրապետությունով։
Վարչապետը հավելել է, որ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախաձեռնության շրջանակներում նախատեսվում են նաև էներգետիկ նախագծեր, և այս ոլորտում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Նա չի ընդունել այն միտքը, որ նման նախագծերն սպառնալիք են ներկայացնում Հայաստանի համար՝ նշելով, որ ընդհակառակը՝ դրանք ստեղծում են եկամտի նոր աղբյուրներ և տնտեսական հնարավորություններ։ Այսպես է նա մեկնաբանել այսօր ավելի վաղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ TRIPP նախագծի միջոցով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։
Քաղաքական և փորձագիտական մակարդակներում կողմերը որևէ ռիսկ չեն տեսնում՝ էներգետիկ կապը դիտարկելով որպես խաղաղության և անվտանգության ամրապնդման գործիք, հավելել է Փաշինյանը։ Վարչապետը նաև նշել է, որ այս մոտեցումը տեղավորվում է ժամանակակից անվտանգության երաշխիքների տրամաբանության մեջ, որը պետք է հիմնված լինի ոչ միայն ռազմական մեխանիզմների, այլև տնտեսական և ենթակառուցվածքային փոխկախվածության վրա, ընդ որում՝ զգալի առևտրային և էներգետիկ հոսքերը պետք է անցնեն Հայաստանի տարածքով՝ խթանելով միջազգային խաղացողների հետաքրքրությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության նկատմամբ։
Կառավարությունն օգոստոսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործով իր շահերը պաշտպանելու համար ՀՀ բյուջեից 3,25 մլն դոլար էր հատկացրել՝ ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով։























