ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի հետ քննարկել է «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման» և «Երասխ-Նախիջևան» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը, հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող երկաթուղային հիմնական հատվածները վերականգնելու խնդրանքով։ Հունվարի 29-ին նա հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի փոխանցմամբ՝ Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածների կառուցումը նախատեսվում է իրականացնել ռուսական կողմի միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







