Փարիզի քաղաքապետի թեկնածու, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին պաշտոնական բողոք է ներկայացրել ֆրանսահայ փաստաբան և ակտիվիստ Ֆրանսուա Դևեջյանի դեմ՝ մեղադրելով նրան իրավաբանական մասնագիտության «հիմնարար սկզբունքների լուրջ և կրկնվող խախտումների» մեջ:
Փաստաբանը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտնել է, որ Մշակույթի նախարարը բողոք է ներկայացրել իր դեմ Փարիզի փաստաբանների ասոցիացիա:
Դևեջյանը պնդում է, որ իր հայտարարությունները հիմնված են փաստաթղթավորված փաստերի վրա և կասկածի տակ չեն դնում Դատիի անմեղության կանխավարկածը: Նա պնդում է, որ բողոքը նպատակ ունի վախեցնել և լռեցնել քննադատությունը, այլ ոչ թե լուծել չարաշահումները։
Իրականում՝ վեճը կենտրոնացած է Դևեջյանի հրապարակային այն հիշեցումների վրա, որ Դատին պետք է պատասխանատվության ենթարկվի կոռուպցիայի և ազդեցության չարաշահման, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ավտորիտար ադրբեջանական ռեժիմի երկարատև քաղաքական պաշտպանության համար:
Նույն հաղորդագրության մեջ փաստաբանը նախարարի վերաբերմունքը համեմատել է Ադրբեջանի նախագահի հետ։
«Ինչպես իր «լավ ընկեր» Ալիևը, տիկին Դատին ակնհայտորեն չի գնահատում իր դեմ արտահայտվողներին և մտադիր է լռեցնել նրանց: Ավաղ, Ֆրանսիան Ադրբեջան չէ, և քաղաքացիները, այդ թվում՝ փաստաբանները, դեռևս իրավունք ունեն խոսելու»,- գրել է Դևեջյանը:
Հունվարին Ֆրանսիայում գործող ՀՅԴ «Նոր Սերունդ» կազմակերպությունը Փարիզում ցույց էր անցկացրել՝ բողոքելով Դատիին Մշակույթի նախարար նշանակելու դեմ։
Դատին բազմիցս հանդես է եկել Ադրբեջանին աջակցող հայտարարություններով, իսկ 2015 թվականի հուլիսին ասել էր, որ Ադրբեջանը մեծ ներդրում ունի միջմշակութային, միջքաղաքակրթական երկխոսության մեջ և «կարող է օրինակ լինել ամբողջ աշխարհի համար՝ կրոնական և էթնիկ խմբերի միջև կապերի առումով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




