Ֆրանսիայում գործող ՀՅԴ «Նոր Սերունդ» կազմակերպությունը հունվարի 27-ին Փարիզում ցույց է անցկացրել՝ բողոքելով Ռաշիդա Դատիին Մշակույթի նախարար նշանակելու դեմ։
Ցուցարարները նախարարության մուտքի դռանը փակցրել են Արցախի դրոշը և պաստառ՝ «Արդյոք ադրբեջանական գազն արժե՞ ավելի քան 120 հազար հայի կյանք» գրությամբ։ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը նույնպես դատապարտել է Դատիի նշանակումը Մշակույթի նախարարի պաշտոնում՝ նրա ադրբեջանամետ հայտարարությունների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերի պատճառով։
Դատին Ֆրանսիայի մշակույթի նախարար է նշանակվել հունվարի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռիմա Աբդուլ-Մալաքին։ Նախկինում նա եղել է նախագահ Նիկոլա Սարկոզիի մամուլի քարտուղարը, Արդարադատության նախարարի պաշտոն է զբաղեցրել 2007-2009 թվականներին: 2009-2019 թվականներին եղել է Եվրախորհրդարանի անդամ։ 2020 թվականին նա առաջադրվել է Փարիզի քաղաքապետի պաշտոնում և պարտվել Անն Իդալգոյին։
Դատին բազմիցս հանդես էր եկել Ադրբեջանին աջակցող հայտարարություններով, իսկ 2015 թվականի հուլիսին ասել էր, որ Ադրբեջանը մեծ ներդրում ունի միջմշակութային, միջքաղաքակրթական երկխոսության մեջ և «կարող է օրինակ լինել ողջ աշխարհի համար՝ կրոնական և էթնիկ խմբերի միջև կապերի առումով»։