Կարին Հովհաննիսյանը «Վերածնունդ» կարճամետրաժ ֆիլմը նվիրել է պապին՝ Ռիչարդ Հովհաննիսյանին և Արցախին, X-ի միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) այս մասին հայտնել է կինոռեժիսորը։
Նա նկարագրել է իր պրոֆեսոր պապի մանկությունը, երբ վերջինս Կալիֆոռնիայի Սան Խոակինի դպրոցի ատլասի վրա ապարդյուն փնտրում էր Հայաստան պետությունը․ այն այնտեղ չկար։
Կարին Հովհաննիսյանը գրում է, որ 2020 թվականին հանրապետություն է մահացել, որը նույնպես քարտեզի վրա չկա։
«Դա ևս մեկն էր այդ անտեսանելի վայրերից, որը չէր ճանաչվել աշխարհի որևէ երկրի կողմից և, այնուամենայնիվ, քրիստոնյա հայերն այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Արցախի Հանրապետության անտեսանելի լինելու հանգամանքը, իհարկե, օգնեց նրա թշնամիներին։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը վարձկաններով ու անօդաչուներով ներս մտավ և առանց դժվարության վերահսկեց այն։ Մի քանի տարի անց շրջափակում արվեց՝ հայերին թակարդի մեջ գցելու և սովի մատնելու համար։ Ի վերջո, 2023 թվականին ցեղասպանությունը պատշաճ կերպով իրականացվեց»,- նշում է նա։
Նրա խոսքով՝ հազիվ թե որևէ մեկը նկատեց ցեղասպանությունը, իսկ արցախահայությունն սպանվեց և տեղահանվեց ամրոցներով ու եկեղեցիներով լցված այս հինավուրց ու լեռնային հողից:
Նկարագրելով Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած իր պապի թողած գիտական ժառանգությունը՝ կինոռեժիսորը հույս է հայտնում, որ, ինչպես քարտեզի վրա չերևացող Հայաստանն է վեր հառնել, նույն կերպ էլ Արցախը կվերածնվի ու կրկին կհայտնվի աշխարհի քարտեզի վրա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







