Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» կտավը նոյեմբերի 25-ին «Ֆաբերժե. Կայսերական և հեղափոխական արվեստ» աճուրդի շրջանակներում կայացած Sotheby's վաճառքի ժամանակ վաճառվել է 4,19 միլիոն ֆունտ ստեռլինգով, հայտնել է Forbes-ը։
Ըստ կայքի՝ սա նկարչի ստեղծագործության համար երբևէ վճարված ամենաբարձր գինն է։
«Փրկվածները» նկարչի բաց շուկայում հայտնված ամենամեծ աշխատանքներից մեկն է։ 1878 թվականի նկարը վերջին անգամ Sotheby's-ում ցուցադրվել էր 2004 թվականի ապրիլին։ Հենց այդ ժամանակ էր այն դարձել Այվազովսկու ամենամեծ աշխատանքը, որը երբևէ առաջարկվել էր ռուսական աճուրդում. դրա չափսերն են 195 x 266 սմ։
Աշխատանքը լավ փաստաթղթավորված է գիտական գրականության մեջ։ Այն ներառված է Ջաննի Կաֆիերոյի և Իվան Սամարինի «Լույս, ջուր և երկինք։ Այվազովսկու նկարները» և «Անհայտ Այվազովսկի։ Ծննդյան 200-ամյակին» ուսումնասիրություններում։
Նկարն աճուրդին է ներկայացվել եվրոպական մասնավոր հավաքածուից՝ 2-4 միլիոն ֆունտ ստեռլինգ գնահատմամբ։






































