Հին Կապանի արքունական պալատի տարածքում պեղումների ընթացքում պատմական իրեր են հայտնաբերվել, հայտնել է Կապանի երկրագիտական թանգարանը։
2026 թվականի հոկտեմբեր–նոյեմբերին իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են XII–XIV դարերի իշխանության խորհրդանիշ հանդիսացող գավազանի (գուրզի) վերնամաս, ձեռագրամատյանի բրոնզե անկյունազարդ և մետաղյա կապիչի գամ, մետաղադրամներ, գոտու սրտաձև ճարմանդ և ապակե ապարանջանի բեկոր։
Պեղումներն իրականացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Արշավախումբը ղեկավարել է Գ. Սարգսյանը, աշխատանքներին մասնակցել են Լ. Մկրտչյանն ու Ա. Հայրապետյանը։
Թանգարանի հաղորդմամբ՝ գտածոները տեղեկություններ են տալիս Հին Կապանի իշխանական, հոգևոր և առօրյա կյանքի մասին։
Հին Կապանը հայ պատմագրության մեջ հիշատակվում է V դարից։ X դարից այն դարձել է Սյունիքի (Կապանի) թագավորության կենտրոնը՝ հանդիսանալով տարածաշրջանի քաղաքական, վարչական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը։
Թանգարանը հայտնել է, որ գտածոներն առաջիկայում կներկայացվեն Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրության շրջանակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







