Կյանքի 88-րդ տարում մահացել է հանրահայտ «Մայրիկ» դիլմի դերասանուհին՝ Կլաուդիա Կարդինալեն, հայտնում է իտալական Ansa-ն:
Դերասանուհու գործակալ Լորան Սամրին հայտնել է, որ Կարդինալեն մահացել է Փարիզի մոտ գտնվող Նեմուր ավանում՝ երեխաների շրջապատում: Նա հենց այնտեղ է ապրել է իր կյանքի վերջին տարիները։
Կարդինալեն մարմնավորել է Արաքսիայի մորը «Մայրիկ» ֆիլմում, որը 1991 թվականին նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր, ծագումով հայ Անրի Վերնոյն իր ընկերոջ և ծագումով հայ ֆրանսիացի գրող Անրի Տրյուայայիի առաջարկով։ Ֆիլմի պատմությունը ներկայացնում է Վերնոյի կյանքի պատմությունը, որը նկարահանվել է Մարսել քաղաքում, ուր բնակություն էր հաստատել նրա ընտանիքը՝ փրկվելով թուրքական ցեղասպանությունից։ Նկարահանված է երկու մասով՝ «Մայրիկ» և «Պարադի փողոց, 588»։
Կարդինալեն ծնվել է 1938 թվականի ապրիլի 15-ին Թունիսում, հանդիսացել է իտալական ու միջազգային կինոյի ամենամեծ խորհրդանիշներից մեկը։ Դերասանուհին խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), Լուչինո Վիսկոնտիի «Գեպարդը» (1963) Ալեն Դելոնի հետ միասին, Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութուկես» (1963) և Սերխիո Լեոնեի «Մեկ անգամ Արևմուտքում» (1968):
Դերասանուհին 2010 թվականի հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան:





































