Ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի Maison Francis Kurkdjian ապրանքանիշը տոնական գովազդային արշավի համար մանրակերտ թատրոնում ներկայացում է բեմադրել։ Նախագծի վրա աշխատել է 20 վարպետ՝ 2000 ժամում ձեռքով պատրաստելով 30 հազար դետալ, հայտնում է պարֆյումերային տունը։
Նկարահանումների համար ստեղծվել է շարժական մեխանիզմներով և դեկորներով թատրոնի մանրակերտ, որտեղ գլխավոր հերոսները ապրանքանիշի բույրերն են։
Քյուրքջյանը ներկայացել է XVII դարի պարֆյումերի կերպարով՝ ոգեշնչվելով 1697 թվականի «Պարֆյումերի հանդերձանքը» փորագրանկարից։ Նրա բեմական հագուստը ստեղծվել է Փարիզի օպերայի հագուստների նկարիչ Մարի Լա Ռոկկայի և Caraco ատելյեի մասնակցությամբ։ Կերպարը լրացրել են օծանելիքի սրվակները, բուրավետ ձեռնոցներն ու հովհարները։
Քյուրքջյանի խոսքով՝ պատմական կերպարի ընտրությունը հիշեցնում է, որ դեռ XVII դարում պարֆյումերները բուրավետ էին դարձնում ոչ միայն մարդու մարմինը, այլև կենցաղային առարկաներն ու բնակելի միջավայրը։
«Իմ առաքելությունն է տեսանելի դարձնել անտեսանելին և բույրը վերածել ապրելու ժամանակակից արվեստի՝ ի սպաս զգացմունքների»,- ասել է Քյուրքջյանը։
Պարֆյումերը Wallpaper ամսագրին հայտնել է, որ նախագծում արհեստական բանականություն չի օգտագործվել։ Բեմը, մեխանիզմներն ու դեկորներն իրական են և պատրաստվել են ձեռքով։
Թատրոնի մանրակերտն ու Քյուրքջյանի բեմական հագուստը հոկտեմբերի 18-ից մինչև հունվարի 5-ը ցուցադրվում են Փարիզի Ալժե փողոցի 5 հասցեում գտնվող Maison Francis Kurkdjian բուտիկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



