Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը սեպտեմբերի 22-27-ը կհյուրընկալի «Լուսանկարչության հեծանները» խորագրով գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը, տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական էջից։
Միջոցառմանը կմասնակցեն լուսանկարիչներ, հետազոտողներ, համադրողներ, ինչպես նաև մշակութային հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչներ՝ շուրջ 20 երկրից։
Քննարկումների ընթացքում կանդրադառնան լուսանկարչության և վերականգնող արդարության կապին, արխիվների դերին, լուսանկարչության բնապահպանական ազդեցությանը, համահեղինակությանն ու Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգությանը։
Ծրագրում նախատեսված են զեկույցներ, դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ, հանրային ծրագրեր և հանդիպումներ։ Երևանի մի շարք մշակութային հաստատություններում կբացվի նաև Հարությունյանի աշխատանքների բազմավայր հետահայաց ցուցահանդես։
Համաժողովի նպատակն է հայկական և տարածաշրջանային լուսանկարչական արվեստը ներառել ժամանակակից միջազգային գիտական ու մշակութային քննարկումներում, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցություն ձևավորել հայկական և արտասահմանյան հաստատությունների միջև։
Համաժողովն անցկացվում է լուսանկարչության 200-ամյակի շրջանակում և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին ու հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Հարությունյանի ծննդյան 80-ամյակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







