Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» («Ամենագեղեցիկ երգերը») ժողովածուն Ֆրանսիայում պաշտոնապես «ոսկե» կարգավիճակ է ստացել, հայտնել են արտիստի պաշտոնական էջում։
Ֆրանսիայի ձայնագրման ազգային սինդիկատը (SNEP) հավաստագրումը շնորհել են, երբ դրա վաճառքի համարժեք ցուցանիշը գերազանցել է 50 հազար միավորը։ Ֆրանսիայում ալբոմների վաճառքի ցուցանիշը հաշվարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական կրիչների վաճառքը, ներբեռնումներն ու սթրիմինգային հարթակներում լսումները։ Barclay լեյբլի թողարկած ժողովածուն թողարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Թվային տարբերակում ներառված է 43 ստեղծագործություն՝ շուրջ 2 ժամ 27 րոպե ընդհանուր տևողությամբ։։
Ժողովածուում ներառված են Ազնավուրի հանրահայտ «La Bohème», «Emmenez-moi», «Hier encore», «La Mamma», «She», «Il faut savoir» և «For Me… Formidable» երգերը, ինչպես նաև տարբեր տարիներին վերաձայնագրված և վերականգնված ստեղծագործություններ։
Թողարկման շրջանակում ներկայացվել են նաև Ազնավուրի անձնական արխիվից հայտնաբերված, նախկինում չհրապարակված ձայնագրություններ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի հետ 1970-ականների կեսերին ձայնագրված «La Mamma» երգը և Դալիդայի հետ կատարված «Quand on s’aime» զուգերգը։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Երգիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







