ԱՄՆ-ն TRIPP -ի և հարակից պայմանավորվածությունների շրջանակում մտադիր է ՀՀ-ին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։
Փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Պետդեպի ներկայացուցիչն էլ նշել է, որ սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։



































