Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
Փաշինյանն օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Կառավարությունում չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։
Նա այդպես էր արձագանքել լրագրողի այն դիտարկմանը, որ կառավարությունից, մասնավորապես՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է։
Դրմեյանն օգոստոսի 28-ին դիմել էր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ պահանջելով կատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վարչապետի հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայց ներկայացրել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարդացեք նաև՝






































