Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դիմել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ պահանջելով կատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, հայտնում է ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։
Կոմիտեն հրապարակել է ՀՀ շահերի պաշտպանության վարչության պատասխանը ՀԾԿՀ-ի ղեկավարին։
«Արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման»,- գրել է Դրմեյանը։
Նա շեշտել է, որ արբիտրաժային վճռի ներպետական ճանաչման և հարկադիր կատարման հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ արբիտրաժի մի կողմը չի կատարում վճիռը կամավոր կերպով: Այդ դեպքում մյուս կողմը պետք է դիմի իրավասու ներպետական դատարան՝ վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու պահանջով, որը կարող է մերժվել միայն «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայով (Նյու Յորքի կոնվենցիա) նախատեսված սահմանափակ հիմքերով։
Հիշեցնելով Արբիտրի որոշման մասին, նա նշել է, որ տվյալ պահին միակ անհամապատասխանությունն արբիտրաժային վճռի հետ հանձնաժողովի նախագահի կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած լինելու հանգամանքն է, որը կատարվել է մինչև արբիտրաժային վճռի կայացումը: Համաձայն վճռի՝ եթե ժամանակավոր կառավարիչ արդեն իսկ նշանակվել է, արբիտրաժային վճիռը կատարելու տեսանկյունից բավարար է սահմանափակել վերջինիս՝ ՀԷՑ գործադիր մարմնի լիազորությունների իրականացումը։
Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայց ներկայացրել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր հունիսի 18-ին: Նույն օրը կալանավորվել էր Կարապետյանը՝ եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԵ-ին աջակցող հայտարարությունից հետո: ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։
Կարդացեք նաև՝


























