ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Օգոստոսի 28-ին Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Կառավարությունում չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։
Նա այդպես էր արձագանքել լրագրողի այն դիտարկմանը, որ կառավարությունից, մասնավորապես Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է։
Զուրաբյանը շեշտել է, որ Փաշինյանի այս հայտարարությունն իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ:
«Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ»,- գրել է Զուրաբյանը:



































