Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Նա շնորհակալություն է հայտնել քաղքապետ Տիգրան Ավինյանին՝ հնարավորություն ընձեռելու, վստահության և աջակցության համար։
«Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույն է, անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար», — գրել է նա:
Ազատյանը օգոստոսի 6-ին մեկ տարի տևած կալանքից հետո վերադարձել էր պաշտոնին։
2024-ի հուլիսին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ ՔԿ-ն խուզարկություններ է կատարել Արաբկիր վարչական շրջանի վարչական շենքում, կան ձերբակալվածներ։ Հուլիսի 4-ին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Արաբկիր վարչական շրջանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահները ձերբակալել են 8 անձի: Ազատյանի նկատմամբ 30 մլն դրամ գրավի դիմաց տնային կալանք էր կիրառվել, մնացածներից ստորագրություն էին վերցրել չհեռանալու մասին։
2024-ի օգոստոսին դատարանը բավարարել էր Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը կալանքով փոխարինելու մասին Գլխավոր դատախազության բողոքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







