Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 27-ի ուժայինների գործողությունները: Հայտարարության մեջ, որը հրապարակվել է պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում, արքեպիսկոպոսը հորդորել է կանգ առնել, հակառակ դեպքում՝ «անդունդի կտանի» այս ամենը: Նա կոչ է արել երկուստեք նահանջել:
«Կացությունն անդառնալի իրավիճակի է հասել, բայց կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել: Պետք է խնայել թե՛ ազգը, թե եկեղեցին՝ նոր ու ավելի ծանր աղետներից, եկեղեցու և մեր ժողովրդի միջև նոր բաժանումներ ու պառակտումներ ստեղծելու վտանգից խուսափելու համար»,- ասված է Նուրհան արքեպիսկոպոսի հայտարարության մեջ:
Նա խստորեն դատապարտել է եկեղեցու հանդեպ իշխանությունների գործողությունները:
«Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի հանդեպ»,- շեշտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում 2 ամսով կալանավորել էր մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել էր, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։ Հունիսի 28-ին Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







