ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որին երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենն առաջարկել էր ընտրել որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, հայտարարել է, որ իր հակառակորդ Դոնալդ Թրամփն ի վիճակի չէ ղեկավարել պետությունը 21-րդ դարում և հարցրել, թե արդյո՞ք ամերիկացիները ցանկանում են ապրել «քաոսի, վախի և ատելության երկրում», գրել է The Wall Street Journal-ը։
Նա այս մասին հայտարարել է իր առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ Միլուոկիում (Վիսկոնսին)։ Իր 20 րոպեանոց ելույթի ժամանակ Հարիսը Թրամփին անվանել է որպես 21-րդ դարում երկիրը ղեկավարելու համար ոչ պիտանի:
Հարիսը նաև հստակ գիծ է գծել իր և Թրամփի միջև և ասել, որ երբ ինքը դատախազ էր, նա «պայքարել է բոլոր խավերի հանցագործների դեմ՝ չարագործների, ովքեր բռնության են ենթարկել կանանց, խաբեբաների, ովքեր խախտում են օրենքները իրենց շահի համար»: «Ուրեմն, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ինչպիսին Թրամփն է»,- ավելացրել է նա:
Թրամփը իր հերթին քննադատել է Հարիսին։ Newsmax-ի եթերում նա ասել է, որ «Հարիսը ամենավատն է ամեն ինչում»: «Նա ամենավատ փոխնախագահն է»,- ասել է նա: Թրամփի խոսքով՝ Հարիսը «սարսափելի աշխատանք է կատարել», երբ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազն էր՝ քաղաքը դարձնելով «անբնակելի»։ Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ փոխնախագահը չի կարողանում գլուխ հանել միգրացիոն ճգնաժամից։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ թեև համաձայնել է բանավիճել Բայդենի հետ, բայց պատրաստ է բանավիճել Հարիսի հետ մեկից ավելի անգամ, եթե նա դառնա դեմոկրատ թեկնածու։ «Տարբեր չի լինի, որովհետև նրանք նույն քաղաքականությունն ունեն»,- ասել է հանրապետականը։
Ըստ Reuters/Ipsos-ի հարցման, որն անցկացվել է այն բանից հետո, երբ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից, Հարիսին աջակցում է գրանցված ընտրողների 44%-ը, Թրամփին՝ 42%-ը։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







