Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ տեղեկացրեց,որ այժմ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 15 մարդ և մոտ 200 մարդ մեկուսացված է:
«Մինչ օրս մոտավորապես ունենք արդեն մոտ 200 անձ մեկուսացված տարբեր եղանակներով՝ թե՛ առանձին բնակավայրերում, և թե՛ շենքում ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունը հետևյալն է. մեկուսացված անձինք պետք է պարտադիր շփված լինեն, սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը չի բացառում, որ Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության արդյունքում մեկուսացված անձանց թվում մեծանա կորոնավիրուսով վարակվածների թիվը: Բայց դրանում նախարարը դրական միտումներ ևս տեսնում է:
«Եվ կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, և այդ աշխատանքները շարունակվում են, և մեկուսացրել ենք նրանց, և հույս ունենք, որ մեկուսացվածների մոտ, իհարկե, դեպքեր չեն հայտնաբերվի, չի հաստատվի հիվանդությունը: Սակայն, եթե նույնիսկ հաստատվի էլ, նրանք արդեն մեկուսացված են: Այսինքն, կարելի է ասել, որ այդ առաջնակի պացիենտից հետո եղած շփումները և նրանցից հետո էլ եղած գրեթե բոլոր շփումները հայտնի են և մեկուսացված են»,- նշեց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







