Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի իշխանությունները բաց են պահում երկրի օդային տարածքը Նախիջևանի և Ադրբեջանի միջև օդային փոխադրումների համար, գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բեռնափոխադրումների խոչընդոտների վերացման մասին տեղեկատվությանը։
«Հայաստանի արտգործնախարարությունը զեկուցել է Թուրքիայի ենթադրյալ դրական քայլի մասին և հույս հայտնել, որ «մնացած պայմանավորվածությունները նույնպես կկատարվեն»։ Սակայն դրա խորքում է Սյունիքի վրա ագրեսիա իրականացնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումը»,- նշել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս քայլը Թուրքիայի համար խթան կհանդիսանա զարգացնելու իր տնտեսությունը՝ «շրջափակված Արցախի գնով»։
«Թուրքիայի կողմից աշտոնապես խրախուսված և արտգործնախարարի շուրթերով արդարացված Լաչինի փակված միջանցքի պարագայում, ՀՀ իշխանությունները մոռանում են այդ ամենը, իրենց իսկ գովերգած հրճվանքով միջազգային հանրության առջև սպիտակեցնում նույն ագրեսիայի, նույն բլոկադայի կազմակերպիչ, ակտիվ մասնակից Թուրքիային։ Ու, իրականում, հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն»,- գրել է Մանուկյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






