Բազմաթիվ երկրներում հանրային օբյեկտներից, տրանսպորտից, սննդի կետերից օգտվելիս քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման հավաստագիր են ներկայացնում։ Դա նորություն չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշման մասին։ Ըստ այդ որոշման՝ քաղաքացիների մուտքը հանրային վայրեր կսահմանափակվի այն դեպքում, եթե չներկայացնեն անհրաժեշտ փաստաթուղթը։ Սահմանափակման տիրույթ կարող են անցնել անգամ «ՀայՓոստի» բաժանմունքները։
Նախարարն ասաց, որ գործընթացը վերահսկելու մեխանիզմներ կան։ Չնայած տնտեսավարողների բողոքներին՝ նախարարությունը հանրային առողջության մասին հոգ է տանում և անհրաժեշտ է համարում որոշ զսպող մեխանիզմներ կիրառել։ Դրանք բարդացնում են հանրության կյանքը, սակայն կորոնավիրուսն ինքնին անցանկալի իրողություն է, որի դեմ ստիպված ենք պայքարել։
Նախարարը հայտնեց, որ առողջապահական միասնական կայքում արդեն ոչ միայն պավաստումների, այլև թեսերի պատասխանների էլեկտրոնային կոդերը կան, սա նշանակում է, որ առանց ավելորդ թղթաբանության՝ միայն QR կոդի առկայությամբ կարելի է մտնել հանրային վայր։
Բացի այդ՝ նախարարն ապավինում է ոստիկանության ու տեսչական մարմինների առավել բարեխիղճ և խիստ վերահսկողությանը՝ ցանկալի արդյունք ապահովելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







