ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։
Նշվում է, որ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը ներկայումս կանոնակարգվում է դեռևս 2005 թվականին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, որն իր հերթին 1965 թվականին ընդունված Ամուսնության և ընտանիքի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահաջորդն է:
Միևնույն ժամանակ դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին:
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարևորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը, որի արդյունքում կստեղծվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների համար, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:
Օրենքով առաջարկվում է սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ, որտեղ գրանցում կատարող և դիմում ընդունող ստորաբաժանումները աշխատելու են նոր front և back օֆիս ձևաչափով: Մասնավորապես, դիմումները կընդունվեն գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի, համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների, միասնական գրասենյակների, ինչպես նաև լիազոր օպերատորների և օրենքով սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսական հիմնարկների, սակայն գրանցումը կամ օրենքով սահմանված այլ գործառույթները կկատարվեն գործակալության կողմից: Այսինքն, առաջարկվող փոփոխության պարագայում տարածքային մարմինները շարունակելու են գործել համայնքային ենթակայության ներքո՝ front օֆիսի ձևաչափով:
Այս նախագծով քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականից: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվեն դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում ձևավորելով քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների երկաստիճան համակարգ՝ կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







