Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ»,- գրել է խոսնակը։
Նիկողոսյանը նշել է, որ տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:
«12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում 2-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին, 3-ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ՀԲԿ-ից: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ»,- գրել է խոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







