ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում` տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին, որում վերջինիս տեղեկացրել են ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում:
«Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները՝ ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ»,-հայտնել է Մակունցը։

Նա նշել է, որ նամակում հայտնվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Ըստ Մակունցի՝ պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը:
«ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին` ի դեմս Անեթ Մոսկոֆյանի` իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







