Կորոնավիրուսի դեմ պայքարելիս, սկզբնական շրջանում, շատ բարդ էր՝ անծանոթ հիվանդություն՝ չգիտեինք ինչպես պայքարել, փորձում էին կարդալ, ճանաչել, սակայն առաջին հիվանդին տեսնելիս կարծես խուժապի մատնվեցին։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
«Հիվանդությունը ինչքան արագ կարողանում է տարածվել, այնքան արագ կարողանում է վնասներ հասցնել, ժամերի ընթացքում իր ոտքով հիվանդանոց եկած հիվանդը կարող է շատ ծանր առողջական խնդիրներ առաջացնել»,- ասաց Տոնոյանը։
Անեսթեզիոլոգը հայտնեց, որ ինքն էլ է եղել վարակված, այժմ հաղթահարել է հիվանդությունը, սակայն ինձ հաղթած չեմ համարում՝ նշելով, որ իրեն հաղթած կհամարի, երբ երկրում գեթ մեկ հիվանդ չի լինի կորոնավիրուսով։
«Այս հիվանդությունը խաղ և հումոր չէ, սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ, այս հիվանդությունը ընտանիքներ է դժբախտացնում»,- ասաց Տոնոյանը՝ կոչ անելով պայքարել հիվանդության դեմ՝ կրելով դիմակներ, քանի որ դրանից շատ բան է կախված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







