Աշխարհի մի քանի երկրում տարածված Կավասակի հիվանդության դեպքերը այս տարի չեն փոխվել. հանրապետությունում ևս կա 3 նման դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ պանդեմիայի ֆոնին հատկապես Ֆրանսիայում, Նյու Յորքում և Իտալիայի հյուսիսային հատվածում Կավասակի սինդրոմի տարածվածության մասին տեղյակ են և արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի, մեզ մոտ նման դեպքեր արձանագրվելու պարագայում՝ իրականացվեն համապատասխան միջոցառումներ։
«Կավասակի հիվանդությունն ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք: Առողջապահությունը գնել է դրա պաշարները՝ համապատասխան մեր կանխատեսումներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդպիսի դեպքեր ունենալու պարագայում Հայաստանն ապահովված է դեղորայքով:
Թորոսյանն ընդգծեց, որ գիտական հետազոտությունները և Նյու Յորքի, Ֆրանսիայի, ինչպես նաև Իտալիայի հյուսիսային հատվածի վիճակագրական տվյալները երեխաների նկատմամբ հավելյալ զգոնության պահանջ են դնում մեր առջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







