Հայաստանը ողջունում է միջխորհրդարանական կապերի զարգացումը, սակայն, եթե ուշադրություն եք դարձրել հոկտեմբերի 31-ի Սոչիի հայտարարության ձևակերպանը, այնտեղ կարևորվում է առկա մթնոլորտի բարելովումը նման կապերի զարգացման և ամրապնդման համար: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Մեր բոլոր մակարդակի պատվիրակների համար չափազանց դժվար է հումանիտար շատ սուր հարցերի առկայության պայմաններում՝ այդ թվում գերեվարված անձանց առկայության պայմաններում գնալ և ուղղակի քննարկել միջխորհրդարանական հարցեր՝ առանց այդ հարցում առաջընթաց արձանագրելու»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ կարևոր են խաղաղության պայմանագրին վերաբերող բոլոր քննարկումները, անգամ՝ միջհամայնքային, սակայն կարևոր է, որ լինի համապատասխան միջավայր՝ այդ քննարկումները արդյունավետ դարձնելու համար, հակառակ դեպքում՝ այնտեղ պարզապես շեշտվում են պրոբլեմները՝ առանց լուծումներ ստանալու:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան խորհրդարանական եռակողմ հանդիպմանը՝ քանի դեռ չեն կարգավորվել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հայտարարությամբ պայմանավորված հումանիտար և տարածքային խնդիրները: Այս մասին Armenia Today-ին հայտնել էր ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ չի հաստատում հանդիպման մասին տեղեկությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







