Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին աճել են մինչև 1 տրիլիոն 917 մլրդ դոլար՝ արձանագրելով 3.6 տոկոսի աճ 2018թ. համեմատությամբ: Սա 2010-ից ի վեր տարեկան ամենամեծ աճն է:
ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան հայտնվել են ռազմական խոշոր ծախսեր կատարող երկրների առաջին հնգյակում: Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ռազմական ծախսերի 62 տոկոսը:
Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4 տոկոսն ու ավելին: Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում, մինչդեռ Ադրբեջանը 4 տոկոս ցուցանիշով 9-րդ տեղում է:
ԱՄՆ-ն ռազմական ծախսերն ավելացրել է 5.3 տոկոսով (732 մլրդ դոլար), Չինաստանինը՝ 5.1 տոկոսով (261 մլրդ դոլար), Հնդկաստանինը՝ 6.8 տոկոսով (71.1 մլրդ դոլար), Ռուսաստանինը՝ 4.5 տոկոսով (65.1 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայինը նվազել է 16 տոկոսով (61.9 մլրդ դոլար):
Մինչդեռ Եվրոպայի տարածքում ռազմական ծախսերի առումով առաջատարը Ֆրանսիան է՝ 50.1 մլրդ դոլար:
Թուրքիայի ռազմական ծախսերն անցած տարի կազմել են 20.4, Իրանինը՝ 12.6 մլրդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







