ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման պահին Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն չէր ստացվել։
Որոշումը հաջորդել է օգոստոսի 19-ին մի խումբ զինծառայողների վրաերթի ենթարկելու դեպքին։ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին ԳԱԶ-53 բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել յոթ զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Վարդանյանը, մահացել էր, ևս վեցը տեղափոխվել էին հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, իսկ վարորդը՝ ձերբակալվել։
Թերթի տեղեկություններով՝ զինծառայողները ուշ երեկոյան Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհով վազել էին՝ որպես պատիժ։ Ըստ հրապարակման՝ գումարտակի շտաբի պետը նրանց վազելու էր ուղարկել, երբ զինծառայողները զորամասի ճաշարանում բարձր էին խոսել։
Թերթի տվյալներով՝ նման պատիժ նախատեսված չէ բանակային կանոնակարգով, իսկ գումարտակի շտաբի պետը չէր ապահովել զինծառայողների անվտանգությունը։
Քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին հաստատել էր գործով երկրորդ անձի ձերբակալությունը։ Թերթի տեղեկություններով՝ նա Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետն է։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու կամ չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 12 տարվա ազատազրկումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







