Վայոց ձորի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության շտապօգնության մեքենա է շրջվել, տուժել է մեկ մարդ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ պատահարի մասին հայտնել էր Shamshyan.com կայքը։
ՊՆ-ի տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել գերատեսչության սանիտարական ավտոմեքենայի մասնակցությամբ։ Նախարարությունում նշել են, որ վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում Երևան — Երասխ — Մեղրի ավտոճանապարհին, Սարավան գյուղից ոչ հեռու։ Պարբերականի տեղեկություններով՝ ՊՆ հաշվեկշռում գտնվող շտապօգնության մեքենան դեռևս չպարզված պատճառներով շրջվել է։
Նախնական տվյալներով՝ վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկային ոստիկանության աշխատակիցները և քննչական-օպերատիվ խումբը։


































